Սպիտակ տունը հերթական անգամ հրաժարվել է «ցեղասպանություն» անվանել 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը: Այդ մասին կարելի է եզրակացնել՝ ծանոթանալով Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցի խոսքերին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարին լրագրողների կողմից ուղղված հարցերը վերաբերվում էին հիմնականում հարցի շուրջ ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը: Նրանցից մեկը փորձել է ճշգրտել, թե ինչու է Բարաք Օբաման, նախընտրական քարոզարշավի ժամանակ, օգտագործել «ցեղասպանություն» բառը, իսկ այժմ խուսափում է այդ եզրույթից:

«Նախագահը բազմակի անգամներ պատմական փաստ է ճանաչել Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը»,- ասել է Շուլցը:

Լրագրողի հարցին, թե դա ցեղասպանությո՞ւն էր, նա պատասխանել է. «Ինչպես մենք ասել ենք նախորդ տարիներին՝ փաստերի ամբողջական և արդարացի ճանաչումը բխում է բոլորի, ներառյալ՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից: Այժմ մենք ճանաչում ենք պատմական հիշողության կարևորությունը, և այդ պատճառով երեկ հայտարարել ենք, որ նախագահական պատվիրակությունը՝ ֆինանսների նախարարի գլխավորությամբ, կմեկնի Հայաստան՝ 1915 թվականին տեղի ունեցած սարսափելի դեպքերի հիշատակի միջոցառմանը մասնակցելու և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,- հայտարարել է Շուլցը: