Կատարը պատրաստ է ընդունել ԱՄՆ խնդրանքը Դոհայից ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին վտարելու մասին եւ սպասում է, որ դա կարվի առաջիկայում, տեղեկացրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ աղբյուրին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի վարչապետ Մուհամեդ Ալ Թանիին անցած ամիս հայտնել էր, որ Դոհան պետք է վտարի ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, եթե խմբավորումը շարունակի մերժել պատանդների գործարքի վերաբերյալ առաջարկները, տեղեկացրել է ամերիկացի պաշտոնյան՝ հաստատելով Washington Post պարբերականի տեղեկությունը։

Ըստ երեւույթին, հանգստյան օրերին բանակցությունները կհասնեն բեկումնային պահի. Կահիրե են ժամանել ԿՀՎ տնօրեն Բիլ Բըրնսը, այնուհետեւ՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը, քանի որ կողմերը սպասում են պատանդների վերաբերյալ գործարքի, որը մշակել են եգիպտացի, կատարցի եւ ամերիկացի միջնորդները, խմբավորման պատասխանին եւ Իսրայելի հավանությանը։

ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ-ին մեղադրում է այն բանում, որ նա մերժել է նախորդ առաջարկները, եւ պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը միակ խոչընդոտն է գործարքի կնքման ճանապարհին, ինչի հետեւանքով առավել խոցելի իսրայելցի տասնյակ պատանդներ ազատ կարձակվեն անհապաղ հրադադարի դիմաց, որը կտեւի վեց շաբաթից ոչ քիչ։

Հարցին ծանոթ աղբյուրն ասել է, որ Դոհային ԱՄՆ ներկայացրած պահանջը՝ վտարել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, կարող է տեղի ունենալ, եթե ահաբեկչական խմբավորումը մերժի բանակցությունների սեղանին գտնվող առաջարկը։

Իսրայելցի պաշտոնյան ասել է, որ սպասվում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին չի մերժի այդ առաջարկը, այլ կվերադառնա իր առաջարկով եւ շտկումներով։

Բայց հաշվի առնելով այն, որ Վաշինգտոնի համբերությունը ՀԱՄԱՍ-ի հարցում սպառվելու եզրին է, ցանկացած այլ պատասխան՝ դրականից բացի, կարող է հանգեցնել այն բանին, որ ԱՄՆ-ը պաշտոնապես կխնդրի Կատարին քշել խմբավորմանը, ասել է աղբյուրը։