ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը անդրադառնալով Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվանը՝ տվել է հետևյալ մեկնաբանությունը: 

«Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։

Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:

Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջև նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները»։