Ես այդ պահին համարժեք պատասխան եմ տվել: Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց Բնապահպանության նախարար Արամ Հարությանն` անդրադառնալով բնապահապանական կոնֆերանսի ժամանակ իր ցուցաբերած պահվածքին:

«Իրավիճակն այսպիսին էր, որ երբ միջոցառումն արդեն սկսվում էր, մի խումբ բնապահպաններ մոտեցան և փորձ կատարեցին խանգարել միջոցառումը: Ստեղծված իրավիճակում ես խնդրեցի, որպեսզի այդ քննարկումը դուրս բերվի դահլիճից` առաջարկելով, որ բոլոր հարցերի պատասխանները կներկայացնեմ դրսում»,- պարզաբանեց նա:

Արամ Հարությունյանը նշեց, որ երեկ իր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցին բնապահպան-ակտիվիստների կողմից, անձնական բնույթի վիրավորանք եղավ:

«Ես խնդրում եմ, դուք ինքներդ եզրակացություն արեք, երբ բարձրանում են նստատեղերի վրա, երբ դու փորձում ես շփվել լրագրողների հետ, և տարբեր կողմերից բարձրացնում են խաչաձև հարցեր: Ես բոլոր հարցերին, այդ թվում՝ նաև խաչաձև, տվել եմ պատասխաններ: Այն հարցերը, որոնք գալիս են անձնական դաշտ, բնականաբար, մենք նույնպես փորձել ենք այդպիսի պատասխաններ և որակավորումներ տալ»,- ընդգծեց նախարարը:

Հիշեցենք, որ երեկ բնապահպանական համաժողովի ժամանակ նա բնապահպաններից մեկին վիրավորել էր` ասելով. «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ»: