Այսօր ՀՀ բանակի կազմավորման 22-րդ տարեդարձն է: YerevanNeews.am-ն առանձնացրել է այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայել բանակում, սակայն պարգևատրվել են, օրինակ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և այլ նման մեդալներով:

Այս ամենը տարօրինակ չէր թվա այն դեպքում , եթե Արցախյան պատերազմի բոլոր հերոսները նույնպես պարգևատրված լինեին նման մեդալներով, սակայն դա իրականում այդպես չէ: Վառ օրինակ է Դուշման Վարդանը, ով առաջին օրերից մասնակցել է պատերազմի, հակառակորդի կողմից վաստակել Դուշման մականունը, սակայն ոչ ՀՀ, ոչ ԼՂՀ –ի կողմից չի ստացել ազգային հերոսի կոչում: Վառ օրինակ է նաև Արկադի Տեր-Թադևոսյանը, ով միայն պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով:

Սկսենք բանակում չծառայած, բայց մեդալներով պարգևատրվածների շարքը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի ծառայել, սակայն ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի ծառայել, բայց կրկին պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին չի ծառայել, սակայն ՀՀ Նախագահի կողմից` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2013թ.), Անանիա Շիրակացու մեդալով (2008թ.), Երկրապահ կամավորականների միության կողմից ստացել է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» (2008թ.) և «Անդրանիկ Օզանյան» (2011թ.) մեդալներով: Հետաքրքիրն այն է, որ 2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, իսկ 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում` վերընտրվել:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի ծառայել, և կրկին անգամ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  չի ծառայել բանակում և կրկին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չի ծառայել, սակայն ունի ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպայի կոչում, և պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով:

ԱԺ փոխնախագաըհ Էդուարդ Շարմազանովը չծառայելով հանդերձ ստացել է հետևյալ պարգևները` 2006թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ 2008թ.` «Անդրանիկ Օզանյան» մեդալով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը չի ծառայել, սակայն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է 2-րդ աստիճանի մեդալով:

Բանակում չի ծառայել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: