«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014թ. նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը երեք քրեական գործ էր հարուցել՝ համայնքին պատճառած վնասի, դիտավորության, խաբեությամբ զգալի չափերի գումար վերցնելու և հափշտակելու հատկանիշներով: Հարուցված երեք քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում, և այս գործերով Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Սակայն զարմանալի զուգադիպությամբ հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել են:

Եվ այսպես, ի՞նչ է արել Գառնի համայնքի ղեկավարը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը, վճարները հաշվարկելու և գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողություն չի իրականացրել՝ դրսևորելով անգործություն: Միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա և բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Սա դեռ վերջը չէ. Աշոտ Վարդանյանը, լինելով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումը ապահովելու, ինչպես նաև ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը և հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Ավելին՝ Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի բնակչից, համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու և նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար և հափշտակել այն:

Նշված դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ հարուցվել էին երեք քրեական գործեր, որոնք հետագայում միացվեցին մեկ վարույթում: Իսկ, ահա, Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով), 315.2-րդ հոդվածով` (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Եվ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում առավելագույնը երկու տարի ժամկետով): Հաշվի առնելով այս քրեական գործերը՝ Գառնի համայնքի ղեկավարին սպասվում էր ոչ ավել, ոչ պակաս 11 տարվա ազատազրկում, սակայն գյուղապետը այս պատմությունից միանգամայն չոր է դուրս եկել. նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։