«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Առինջ գյուղի 33-ամյա բնակիչ Ստելլա Առաքելյանը Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով պարտավորեցվել է իր երեխային` 5-ամյա Քրիստինեին պատճառած վնասի համար 10 ամիս շարունակ 10.000-ական դրամ փոխհատուցում վճարել տուժողի ներկայացուցիչ Սմբատ Սմբատյանին:

Այսպես՝ մեղադրական եզրակացությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ Ստելլա Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դրսեւորելով անփույթ վերաբերմունք, միացնելով Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հանգստյան տան սենյակի էլեկտրական սալիկը եւ նշված սենյակում թողնելով միայնակ քնած իր մանկահասակ դստերը՝ Քրիստինեին, գնացել է աշխատանքի: Րոպեներ անց էլեկտրական սալիկի կարճ միացման հետեւանքով սենյակում գտնվող բազմոցը հրդեհվել է, եւ երեխան ստացել է 2-րդ եւ 3-րդ ԱԲ աստիճանի ջերմային այրվածք: Այրվել է երեխայի դեմքի ձախ ականջախեցին, դաստակների մարմնի ընդհանուր մակերեսի 8 տոկոսը:

Տեղեկացնենք, որ Ստելլա Առաքելյանը նախկինում ամուսնացած է եղել այլ տղամարդու հետ, ումից 2 որդի է ունեցել: Հետագայում անչափահաս տղաներին թողել է նրանց հոր խնամքին ու հեռացել: Որդիներին հայրը գիշերօթիկ դպրոց է տարել: