Նոր Նորքի 4-րդ զանգվածից այսօր՝ փետրվարի 9-ին, լուսադեմին հիվանդանոց տեղափոխված 9-ամյա տղային վիրահատել են:

Այս մասին YerevanNews.am- ի թղթակցին փոխանցեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:

Հայտնեցին, որ նյարդավիրաբույժը վիրահատել է երեխայի գանգաթաղը, այժմ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է: Դրանից բացի՝ երեխայի աջ ոտքն էլ այրված է: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոտ առկա են այրվածքներ. նրան ուղարկել են Այրվածքաբանության կենտրոն: Մոր վիճակը ևս ծանր է:

Պատճառը եղել է կռիվը,  մայրը երեխային ծեծել է, այնուհետեւ բենզինը լցրել վրան ու այրել:

Փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ):

Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 1968 թ. ծնված Ա և 2006 թ. ծնված Ֆ. Ն.-ներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: