Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանին իր կազմում ցանկանում է տեսնել «Չիկագո Ֆայր» թիմը, որը ելույթ է ունենում MLS–ի արևելյան կոնֆերենցիայում:

«Известия»-ի տեղեկություններով «հրշեջներն» արդեն Մովսիսյանին կոնկրետ առաջարկ են արել և պատրաստ են նրա հետ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել: Ամերիկյան առաջնություն տեղափոխվելու դեպքում հայ հարձակվողն աշխատավարձի հարցում կորուստ չի ունենա, քանի որ «Չիկագո Ֆայրի» ղեկավարները պատրաստ են ֆուտբոլիստին վճարել այնքան, որքան «Սպարտակը»՝ տարեկան մոտ 2.1 միլիոն եվրո:

Ռուսական կայքը գրում է, որ Մովսիսյանը դեռևս չի շտապում հեռանալ «Սպարտակից»: Ընթացիկ մրցաշրջանը նա հաստատ որոշել է ավարտել «Սպարտակում»: Սակայն ամերիկյան ակումբի առաջարկը նա չի մերժել և պատրաստվում է այն մանրամասն ուսումնասիրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Բացի այդ «Չիկագո Ֆայրը» միակ թիմը չէ, որը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Մովսիսյանին իրենց շարքում ցանկանում են տեսնել նաև մի քանի գերմանական և անգլիական ակումբներ, որոնց թվում են «Վոլֆսբուրգն» ու «Հալ Սիթին»: