Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի արկածախնդիր, անպատասխանատու գործելաոճը, որը հանգեցնում է մարդկային կորուստների, սահմանի ողջ երկայնքով լարվածության աճի: Նման քայլերը հղի են լուրջ վտանգով` վերաճելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որը հակասում է հիմնահարցերը լուծելու` ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի ընկալումներին և մոտեցումներին:
Մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը ի վիճակի է պաշտպանելու իր և Արցախի սահմանները, ինչը հիմնավոր ապացուցվեց վերջին շրջանում հայ դիրքապահների իրականացրած գործողություններով: Ցավոք, մենք կորուստներ էլ ունեցանք: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին:
Վերջին օրերին ականատեսը եղանք նաև արցախյան պատերազմի ազատամարտիկներ` առաջնագիծ մեկնելու դեպքերին, շատերն էլ դիմել են պաշտպանության նախարարին` սպասելով թույլտվության` նույնպես կանգնելու երիտասարդ զինվորի կողքին: Գտնում եմ, որ, թեև հայկական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը առաջին գծում, այնուամենայնիվ, սա մեր զինվորների մարտական ոգին ավելի բարձրացնելուն ուղղված քայլ էր, և որ նման քայլերը ուղղակիորեն չեն նշանակում պատերազմի վերսկսում:

ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ, ՉՀԻՄՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:

ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդ
Երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ

Հռիփսիմե Մարգարյանի Facebook-յան էջից