Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգն առաջադիմական մոդել է, որը ներկայացված է եղել տարբեր երկրներում և մեծ հաջողություններ գրանցել: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքերով, այս մոդելը վերցված է Չիլիի օրինակից, որտեղ մեծ արդյունք է ունեցել և հենց նրանք են համարվում այս մոդելի հիմնադիրը:

«Շատ արդյունավետ մոոդել է, սակայն ամեն մոդել չէ , որ այս իրավիճակում կարող է ընկալելի լինել հասարակության համար», - նշեց նա:

Բանախոսի խոսքերով, այս դեպքում վստահության պակաս կա, այսինքն այն խմբերը, որոնք այժմ բողոքում են, ըստ տնտեսագետի, վստահ չեն, որ տարիներ անց կստանան այն գումարը, որը հիմա կուտակում են:

«Մենք այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու և դրանից հետո նոր միայն այս ծրագիրը կարող է հաջողություն ունենալ: Սակայն համեմատենք բանկի հետ, եթե վստահություն չունենանք, բակում էլ ներդրումներ չենք ունենա: Այստեղ խնդիր կա, պետք է առերեսվի այս խնդրի հետ և վստահություն ձեռք բերվի», - նշեց նա:

Անդրադառնալով հետևանքներին, նա նշեց, որ դա հենց անվստահությունից բխող բոլոր հետևանքներն են: Նա նշեց, որ պարտադրանքով չի կարող վստահություն առաջանալ:

«Եվրոպայում ամենաբարձր հարկերը Շվեդիայում են, սակայն այնտեղ մեծ հաճույքով են դա անում , քանի որ կա վստահություն և արդյունավետության օրինակներ: Կարող ենք նաև հասկանալ այն մարդկանց, ովքեր վախենում են արժեզրկումից, նրանց օրվա հացի խնդիրը լուծված չի: Եթե միջին կամ միջինից բարձր խավի մասին է խոսք գնում, նրանց ռիսկերն այնքան էլ մեծ չեն: Սակայն խոսքը գնում է ավելի ցածր խավի մասին , որոնք էլ հիմա պայքարում են», - եզրափակեց բանախոսը: